Վրաստանի գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նախագահական հիմնադրամի միջոցները ծախսել է հիմնականում իր կուսակցության ակտիվիստների ուսումնառությունը ֆինանսավորելու վրա: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել երկրի ֆինանսների նախարար Նոդար Հադուրին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Ընդ որում, ֆինանսների նախարարը ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում Վրաստանի կառավարությունը միջոցներ կտրամադրի ապագա նախագահի կարիքների համար, որն իր պարտականությունների իրականացմանը կանցնի այս տարվա նոյեմբերի 17-ից:
Վրաստանի նախագահի պահուստային հիմնադրամը, որը նախատեսված էր այս տարվա համար, կազմում էր մոտ վեց միլիոն դոլար: Ավելի վաղ ենթակառուցվածքի եւ տարածաշրջանային զարգացման նախարարն ընդգծել է, որ հիմնադրամում մնացել է ընդամենը երեք հազար դոլար:





























