Նախախորհրդարանի անդամ, «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության մասնակից Կարո Եղնուկյանը պատահաբար է իմացել, որ ոստիկանությունը հայտնաբերել է հոկտեմբերի 15-ին Կոմիտասի «Երևան Սիթիի» մոտ իր մեքենայի անվադողերը պատռած անձին:

«Ինձ Ազգային անվտանգության ծառայություն էին հրավիրել՝ քննարկելու դիմումս, ու խոսքի մեջ քննիչն ասաց, որ գտել են մեքենաս վնասած անձին: Ես էլ զանգեցի ոստիկանության քննիչ Յուրա Պապյանին: Նա էլ ասաց՝ հա, գտել ենք, մի հատ անկապ տղա էր», - NEWS.am-ին պատմեց Կարո Եղնուկյանը:

Ոստիկանությունում Եղնուկյանին ասել են, որ մեքենայի անվադողերը պատռած անձնավորությունը 27-ամյա Արթուր Հ․-ն է, ով արդեն ինքնախոստովանական ցուցմունք է տվել:

Եղնուկյանի խոսքով՝ ոստիկաններն անում են ամեն ինչ, որ այս դեպքը համարվի խուլիգանական արարք, և կտրվի կապը մյուս երկու դեպքերի հետ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին անհայտ անձը մահակով հարվածել էր ակտիվիստնին պատկանող մեքենային, իսկ ավելի վաղ՝ սեպտեմբերի 2-ին, «Փակ շուկայի» մոտ փակցրել էին Եղնուկյանի նկարը՝ «Ոչ գրանտակերներին» գրությամբ:

«Ոչ թե չեմ հավատում, որ այս տղան է մեքենաս վնասել, այլ համոզված եմ, որ փորձում են կոծկել ճշմարտությունը: Ես ուզում եմ, որ այս երեք դեպքերը քննվեն միասին, որպես մի ամբողջական գործ, իսկ ոստիկանությունն ուսումնասիրում է դրանք առանձին-առանձին: Այս ամենի հետևում կանգնած է հենց Սամվել Ալեքսանյանը, ինքն է հրահրում ատելություն իմ անձի նկատմամբ: Նա պետք է պատժվի»,- ասաց Եղնուկյանը։

«Նախախորհրդարանի» անդամն արդեն երկու ամիս ոստիկանությունից պահանջում է ապահովել իր անվտանգությունը: Հոկտեմբերի 16-ին ոստիկանությունը մերժել էր դիմումը՝ պատճառաբանելով, որ բավարար հիմքեր չկան: Ակտիվիստը նույն օրը դիմել է Հատուկ քննչական ծառայությանը և Ազգային անվտանգության ծառայությանը. «Նրանց դիմելուս նպատակն այն է, որ ոստիկանությունը իրավասու չէ պատժել Սամվել Ալեքսանյանին, որովհետև նա ԱԺ պատգամավոր է: Դրա համար էլ դիմեցի այս երկու կառույցներին՝ համոզված լինելով, որ իրենց գործառույթն է զբաղվել այդ խնդրով: Մինչդեռ երկուսում էլ ինձ մերժեցին՝ հայտնելով, որ սա ոստիկանության գործն է»:

Երկրորդ մեքենայի վնասվելուց հետո Եղնուկյանը դիմել էր ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ նորից պահանջելով ապահովել իր անվտանգությունը: Ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի հետ 6 ժամ տևած զրույցից հետո ակտիվիստը վստահ է եղել, որ այս անգամ ոստիկանությունն իր անվտանգությունը կապահովի: «Տոնոյանն ասում էր, որ նույնիսկ մեքենաներիս անվտանգությունը կապահովեն, ես էլ զարմացա, թե ոնց, ասաց՝ կանենք, կտեսնեք: Մի քանի օրից էլ կանչում է ու առանց վկային լսելու՝ հայտնում, որ իմ դիմումը մերժում են: Քննիչը նորմալ մարդ էր երևում, ամոթից նույնիսկ աչքերիս չէր նայում»,- ասաց Եղնուկյանը: