Հայաստանի բյուջեի նոր եկամուտները պետք է ապահովել ստվերային բիզնեսի կրճատմամբ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, հայտարարել է Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ մեկնաբանելով 2014թ. պետբյուջեի նախագիծը: Նա նշել է, որ առաջիկա տարում բյուջետային եկամուտների աճը ենթադրվում է առանց հարկային բեռի ավելացման եւ վարչարարության խստացումների «Դա նշանակում է, որ նոր եկամուտները մենք պետք է ստանանք ստվերային բիզնեսը կրճատելու ճանապարհով», – նշել է Մակարյանը:
Հիշեցնենք, որ ըստ 2014թ. պետբյուջեի նախագծի, 2013թ. հետ համեմատած՝ եկամուտների հատվածը պետք է աճի 34 միլիարդ դրամով՝ մինչեւ 1 տրիլիոն 168,9 միլիարդ դրամ: Բյուջեի ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 284,5 միլիարդ, դեֆիցիտը՝ 115,6 միլիարդ դրամ:





























