Մայրաքաղաքում, ի լրումն արդեն ավարտված հիմնական ծրագրի, շարունակվում են փողոցների ճաքալցման աշխատանքները. այժմ արդեն նախատեսված ծավալները գերակատարվել են մինչեւ 5 անգամ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ գործընթացն այս տարի իրականացնում են 4 մասնագիտացած կազմակերպություններ` մայրաքաղաքի երեքական վարչական շրջաններում: Ճաքալցումը կանխում է ասֆալտի վրա արդեն առկա ճաքերի հետագա տարածումը ինչը տեղի է ունենում խոնավության կամ սառցակալման հետեւանքով: Փորձը ցույց է տալիս, որ ճաքալցված փողոցներում գարնանը նոր փոսեր ու խոշոր վնասվածքներ քիչ են ի հայտ գալիս:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ճաքալցման աշխատանքներում, ինչպես փոսային նորոգումների դեպքում, մեծ ուշադրություն է դարձվել ծայրամասային փողոցներին: Ի դեպ, ճաքալցման հումքը տարբեր ընկերություններ ձեռք են բերում տարբեր տեղերից, երկուսը Եվրոպայից, երկուսը տեղական արտադրողից, իսկ թե որն է ավելի արդյունավետ, վերջնականապես պարզ կդառնա գարնանը:




























