Նման հոգեվիճակում գտնվող մարդը պահի տակ նման արտահայտություն է արել, եթե օրինավոր մարդ է, իսկությունը պարզելուց հետո միգուցեեւ ներողություն խնդրի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող Դավիթ Վարդանյանի հանրային պաշտպանը՝ Ռաֆիկ Սաֆարյանը:

Մեկնաբանելով նախարար-հոր արտահայտությունը, թե «հանրային պաշտպանը գլուխը քարին է տվել»,  նա նշեց հետեւյալը. «Ես չգիտեմ ով է հարցրել Յուրի Վարդանյանին, թե պաշտպանը ասել է, որ ձեր տղան հայերեն չգիտի: Ես էդպիսի բան երբեւէ չեմ ասել, որ ինքը հայերեն չգիտի, ինքը հայերեն բանավոր լեզվին վատ է տիրապետում, իսկ գրավոր լեզվին ընդհանրապես չի տիրապետում: Հիմա պահի տակ բան է, ասել է: Այն, որ իմ հասցեին վիրավորական խոսք է ասել, չպիտի ասեր, իրեն թույլ տար, նման մարդը չպետք է վիրավորեր, բայց եթե վիրավորել է,  ինձ թվում է, եթե օրինավոր մարդ է, անպայման ներողություն կխնդրի, որովհետեւ ես նման բաներ չեմ ասել, ինքը պարտավոր էր ճշտել, նոր նման արտահայտություններ անել»:

Ռաֆիկ Սաֆարյանը շեշտեց, որ ինքը չի կարող ասել՝ Դավիթ Վարդանյանը հայերեն գիտի, թե ոչ, իր համար «իրավաբանորեն այդպես է, բայց հիմա ես ոնց կարող եմ ասել, թե ում համար ինչ է, ես ոնց կարող եմ ասել, որ Յուրի Վարդանյանի համար իր տղան հայերեն չգիտի, հնարավոր է տանը, շրջապատում հայերեն են շփվում, շփվելը, խոսելը դրանք ուրիշ բաներ են, իրավաբանական տերմիններով կարդալը, գրելը ուրիշ բաներ են»:

Փաստաբանը չի կարող հրաժարվել նախարարի որդու պաշտպանությունից, քանի որ ինքը հանրային պաշտպան է, բայց եթե Վարդանյանները հրաժարվեն իր ծառայություններ, ոչ մի խնդիր չի տեսնում, «թող հրաժարվեն, ես ընդամենը հանրային պաշտպան եմ»:

«Որեւէ խնդիր չի լինի, եթե հրաժարվեն, դա իրենց իրավունքն է, կարող են հրաժարվել հանրային պաշտպանից, պաշտպան վարձել, եթե մինչեւ հիմա չեն արել, հանրային պաշտպանի հետ գոնե մեկ անգամ չեն շփվել, չեն խոսել, ուրեմն նման արտահայտությունները անտեղի են»,- ասաց Ռաֆիկ Սաֆարյանը՝ հավելելով, որ իրեն զարմացնում է, որ այդպիսի արտահայտություն է արել, մանավանդ որ ինքը իրենից եւ տարիքով է մեծ, եւ աշխատանքային ստաժով:

Մյուս կողմից, փաստաբանը հասկանում է Յուրի Վարդանյանին՝ որպես ծնող, «ի վերջո նա պաշտոնյա է, ծնող է, ասել են՝ պաշտպանը ասել է ձեր տղան հայերեն չգիտի,նա էլ այդպիսի արտահայտություն է արել»:

Ի դեպ, Դավիթ Վարդանյանի ձերբակալությունից հետո նրա ընտանիքի անդամները, այդ թվում՝ նախարար հայրը չի զրուցել պաշտպանի հետ: Ռաֆիկ Սաֆարյանը չասաց, թե քանի անգամ է տեսել իր պաշտպանյալին, արդյոք վերջինս ընդունել է իր մեղքը, թե ոչ՝ համարելով, որ դրանք կխանգարեն իր պաշտպանյալին:  Դիտարկմանը, թե նա գիտի, որ ընտանիքը ձեռքերը լվացել է իրենից եւ ընկճված չէ դրանից, փաստաբանը նշեց, որ չի կարող ասել՝ ինչ գիտի, ինչ չգիտի, էդ որ մի կալանավորն է, որ երգում, պարում է»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հ 2013թ հոկտեմբերի 13-ին ՔՕ-ի 268-րդ հոդվածի 3-րդ մասի (առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի շրջանառությունը,  պատժվում է ազատազրկմամբ`  2-6 տարի ժամկետով:) եւ 215 հոդվածի 2-րդ մասի (մաքսանենգություն, պատժվում է ազատազրկմամբ՝  4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ) հատկանիշներով ոստիկանության Սյունիքի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրգործ: Հոկտեմբերի 15-ին մեղադրանք է առաջադրվել Դավիթ Վարդանյանին եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հոկտեմբերի 16-ին  քրեական գործը ընդունվել է վարույթ քննչական գլխավոր վարչության ՀԿԳ գլխավոր վարչությունում: Նախաքննությունը շարունակվում է:

Հարցին, թե իրոք իր որդին հայերեն չգիտի՞, ինչպես պնդում է նրա պաշտպանը, Յուրի Վարդանյանը բարկացել էր եւ ասել. «Պաշտպանը գլուխը քարին է տալիս»: