Այն հարցը, որ Ադրբեջանը Հայաստանի անվտանգությանն ուղղված սպառնալիք է, հարկավոր էր ներկայացնել ԱՀՊԿ անդամ-պետությունների անվտանգության համատեքստում, քանի որ Հարավային Կովկասում կոլեկտիվ անվտանգության հարցերը անմիջականորեն առնչվում են Հայաստանի անվտանգությանը: Այս մասին այսօր հայտարարել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի համակարգող, ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
«Այս համատեքստում այսօրվա քննարկումները չէին կարող շրջանցել այդ հարցը: Այն քննարկվել է այսօր, բարձրացվել է նաեւ այն հարցը, որ ոչ միայն տարածաշրջանային երկրներն են սպառազինում Ադրբեջանը, այլեւ ՀԱՊԿ-ի անդամ-պետությունները: Ավելին, քննարկվել է նաեւ Թուրքիայի կողմից Հայաստանը բլոկադայի ենթարկելու հարցը, ինչը իրական սպառնալիք է ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության համակարգին: Մեր նպատակը պարզ է՝ գործընկերներին ցույց տալ իրական խնդիրները, որոնք չնայած նրան, որ առաջին հերթին վերաբերում են Հայաստանին, սպառնալիք են հանդիսանում ՀԱՊԿ ամբողջ անվտանգության համակարգի համար»,-ընդգծել է Հարությունյանը:
Նրա խոսքով՝ անդրադարձ է կատարվել նաեւ այն հարցին, որ Ադրբեջանը փորձում է ղարաբաղյան խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Ընդգծվել է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար տորպեդավորում է ԵԱՀԿ ՄԽ հովանավորությամբ իրականացվող բանակցային գործընթացը: «Այդ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ ՀԱՊԿ քարտուղարության եւ հայ պատգամավորների մասնակցությամբ աշխատանքային խումբը կմշակեն համատեղ փաստաթուղթ, որում կներկայացվեն բոլոր հետաքրքրական հարցերը: Նախատեսվում է, որ արդեն նոյեմբերին ՀԱՊԿ-ն հայտարարությամբ հանդես կգա, որում կընդգծվի, որ որեւէ հակամարտություն ռազմական ճանապարհով կամ ուժի կիրառման սպառնալիքով կարգավորելու ցանկացած փորձ դիտարկվելու է որպես ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգությանն ուղղված սպառնալիք»:




























