Թունիսի արեւելյան Սուս առողջարանային քաղաքում, հոկտեմբերի 30-ի ցերեկը, մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն: Պայթյունը տեղի է ունեցել ծովափին: Հանգստացողներից ոչ ոք չի տուժել: Ահաբեկիչը զոհվել է:
Ըստ ականատեսների՝ անվտանգության ծառայությունը երիտասարդին չի թողել մտնել Palm Hotel, որից հետո նա շենքի դիմացի լողափ է դուրս եկել եւ պայթեցրել իրեն: Կատարվածի այլ մանրամասներ Թունիսի ՆԳՆ-ն չի հայտնել, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով ՆԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչին:
Ըստ Reuters-ի՝ մեկ այլ պայթյուն հաջողվել է կանխել. մահապարտին հաջողվել էր ձերբակալել Մոնաստիրե քաղաքում երկրի նախկին նախագահ Հաբիբ Բուրգիբի (Թունիսը կառավարել է 1957 -1987թթ., վախճանվել է 2000թ.) դամբարանի մոտ, հայտնում է Forbes.ru-ն:
Քաղաք-նավահանգիստ Սուսը գտնվում է Թունիսի արեւելքում՝ Միջերկրական ծովի ափին: Քաղաքը հարուստ է պատմական հուշարձաններով: Իսկ դրա ավազոտ ափերը ամենահայտնին են զբոսաշրջիկների շրջանում:





























