Թուրքիայում «Դարի նախագիծ» անվանումը ստացած եւ Եվրոպան Ասիային միացնող Մարմարայի թունելի բացման հաջորդ օրն արդեն սկսել են լուրջ խափանումներ գրանցվել:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 30-ին, առավոտյան, CNNturk-ի ուղիղ եթերի ժամանակ Մարմարայում անջատվել է էներգասնուցումը եւ ամբողջ թունելը հայտնվել է մթության մեջ։ Թունելների մեջ մնացած գնացքների ուղեւորներն իջել են եւ սկսել են թունելով քայլել դեպի կայարաններ։

Բացի այդ, օրվա ընթացքում 2 անգամ կանգնեցվել են Մարմարայի գնացքների աշխատանքը՝ հազարավոր ուղեւորների սպասեցնելով թունելներում։

Նշենք, որ Եվրոպան Ասիային միացնող երկաթգիծը բացվել է հոկտեմբերի 29-ին, այն ունի 13,6 կմ թունելային հատված, որտեղ գտնվում են 5 կայարաններ։ Նախատեսվում է, որ 9,3 մլրդ լիրա արժեցած Մարամարայով օրական կարող է սպասարկվել 1,2 մլն ուղեւորի։