«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրա ավազակային հարձակում գործող անձինք դեռեւս չեն հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության Մալաթիայի բաժնից:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 175-ի 2-րդ մասի եւ 235 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է ավազակությունը եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Ոստիկանության տվյալներով՝հարձակում գործողները 3 դիմակավորված անձինք էին, իսկ դպրոցի բակում «նրանց սատարող» մարդկանց մասին տեղեկություն չունեն:

Իսկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ավազակային հարձակում իրականացնողներին դիմագրաված պահակը, ով մարմնական վնասվածքներ է ստացել, գտնվում է «Մալաթիա» բժշկական կենտրոնում: Տնօրենը տեսակցել էր նրան, բժիշկները հույս էին հայտնել, որ նրան դուրս կգրեն օրերս: Նրա մոտ հայտնաբերվել է կողերի կոտրվածք, եւ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո դեռ մեկ շաբաթ էլ պետք է մնա տանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ գիշերը ժամը 4-ի սահմաններում երեք անհայտ անձ ատրճանակով ներխուժել են դպրոց, թերեւս գողություն անելու նպատակով: Վրա է հասել դպրոցի պահակը, նրանց հետ վիճաբանության մեջ մտել, աղմուկ բարձրացրել, ինչից հետո նրանք փախուստի են դիմել: Այս միջադեպի կապակցությամբ ոստիկանությունիցNEWS.am–ի հետ զրույցում հայտնել են, որ հարձակվողների մոտ գազային ատրճանակ է եղել: