Թուրքիան Սիրիայի հանդեպ իր քաղաքականությունը փոխել է եւ փորձում է զինված խմբավորումներն օգտագործել ՍԱՀ-ի տարածքում քրդական ինքնավարության ձեւավորմանը խոչընդոտելու համար, հոկտեմբերի 31-ին լրագրողներին ասել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Ըստ նրա՝ Սիրիայում իրավիճակը նոր միտումներ ունի. «Շարունակվում է պայքարը, զենքի եւ ահաբեկիչների ներկրումը: Սակայն նոր գործընթացներ են նկատվում. Ամենակարեւոր հանդիպումը նշանակված է նոյեմբերի վերջին՝ կառավարական եւ ընդդիմադիր տարբեր ուժերի միջեւ», - նշել է թուրքագետը եւ հավելել, որ ընդդիմադիրների մեծ մասը հրաժարվում են հանդիպումից: Երկրորդ նոր միտումն այն է, որ խռովարարներին նախկինում սատարած երկրները նվազեցրել են օգնությունը:

Սաֆրաստյանը նշել է, որ վերջին շաբաթում թուրք-ամերիկյան հարաբերությունները լարվել են, մասնավորապես Սիրիայի հարցում: «ԱՄՆ-ն Թուրքիային զգուշացրել է, որ նրա սատարած ուժերը կապ ունեն «Ալ Քաիդայի» հետ եւ չարժե աջակցել նրանց, Սակայն Թուրքիան շահագրգիռ է այդ խմբավորումների ուժեղացման հարցում», - նշել է փորձագետը՝ հավելելով, որ Թուրքիան փորձում է Մերձավոր Արեւելքում ինքնուրույն խաղ վարել:

Սաֆրաստյանը նաեւ հայտնել է, որ Բաշար Ասադի դիրքերն ամբողջ աշխարհում ամրապնդվել են: