Հանդիպումների նպատակով ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշն անդրադարձել է Թուրքիայում նոր ձեւավորված Ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցությանը՝ շեշտելով, թե այն մեծ անելիք ունի Թուրքիայում։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ BDP-ի նախագահ Սելահաթին Դեմիրթաշը Վաշինգտոնում հայտարարել է, թե նոր ստեղծված HDP-ի արդյունքում BDP-ն չի փակվելու, սակայն BDP-ն ընտրություններին կմասնակցի HDP-ի ցուցակներով։

Դեմիրթաշը շեշտել է, թե HDP-ն մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին՝ հատելով 10 տոկոս շեմը եւ խորհրդարան մտցնելով ամենաքիչը 70 պատգամավոր։  Նա նշել է, թե այդ պատգամավորների մեջ կարող են լինել թե գլխաշորով պատգամավորներ, թե հայեր։

Նշենք, որ նորաստեղծ HDP-ի խորհրդի կազմի մեջ են ընդգրկվել հայ համայնքից Ստամբուլի Յեշիլքոյի հայկական դպրոցի տնօրեն Գարո Պայլանը, դիարբեքիրցի հայտնի հայ գրող Մկրտիչ Մարկոսյանը։