Բելգիայի թագավորական ընտանիքի հասցեին հաշվեհարդարի սպառնալիքներ են հասել թագավորության՝ Սիրիայի ընդդիմադիրների կողմում կռված քաղաքացիների կողմից:

Բելգիական լրատվամիջոցները հայտնում են, որ էլեկտրոնային փոստով մահվան սպառնալիքներ են ուղարկվել ֆլամանդցի մի շարք քաղաքական գործիչների, այդ թվում՝ Անտվերպենի բուրգոմիստր, ֆլամանդցի ազգայնականների «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցության ղեկավար Բարտ դը Վեյվերին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ լրատվամիջոցների՝ մահմեդական ծայրահեղականներն այդկերպ ցանկանում են Անտվերպենի իշխանություններին հետ պահել Սիրիայից վերադարձած գրոհայինների հետապնդումներից: Նախորդ շաբաթ Անտվերպենի իսլամ ընդունած 18-ամյա բնակիչը, որն այս տարվա փետրվարին Սիրիա էր մեկնել, տուն վերադառնալով ձերբակալվել էր՝ ահաբեկչական գործունեության մեղադրանքով:

 Որոշ տվյալներով՝ նա բելգիացի երիտասարդների էր հավաքագրել Սիրիայի պատերազմում ջիհադիստների կողմում մարտնչելու համար: Նա սակայն պնդում է, որ Սիրիա մեկնել էր հոսպիտալում աշխատելու համար: