Եվրամիությունը 2014 թ. կշարունակի Հայաստանին դրամաշնորհներ տրամադրել: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը: Պատգամավորներից մեկի դիտողությանը, թե Հայաստանը հայտարարել է Մաքսային միությանն անդամակցելու մասին, ինչը կասկածի տակ է դնում ԵՄ ծրագրերի շարունակականությունը Հայաստանում, Պ. Սաֆարյանն ասաց. «Ավելի շատ վստահություն ունենք, որ լինելու է, քան թե՝ չի լինելու: Կասկածներ կան իհարկե, բայց ոչ այն աստիճան, որ բյուջեում չներառենք»,- ասաց Պ. Սաֆարյանը:

Ընդհանուր առմամբ՝ ԵՄ դրամաշնորհների ընդհանուր ծավալը 2014 թ. նախատեսվում է մոտ 25 մլն եվրո, այդ թվում՝ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում իրականացվող ծրագրեր (մոտ 6 մլն եվրո), Եվրահանձնաժողովի դրամաշնորհ (7 մլն եվրո)՝ պետական կառավարման համակարգի բարեփոխումների նպատակով: Մոտ 12.5 մլն եվրո էլ նախատեսվում է սահմանային անցակետերի՝ Գոգավանի, Բավրայի եւ Բագրատաշենի կառուցման եւ արդիականացման նպատակով: