Վարչապետ Տիգրան Սարգսյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում մասնակցել է  Վարդենիսի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը: Կառավարության ղեկավարը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում՝ ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին եւ բնակչությանը մատուցվելիք ծառայություններին: Ընդհանուր առմամբ, մեկ պատուհանի սկզբունքով կենտրոնը սպասարկելու է 36 համայնքի, 12 հազար բնակչի: Իրականացվել է նաեւ կենտրոնի սոցիալական աշխատողների վերապատրաստում:

Սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ճանապարհը: Այն կնպաստի նոր որակի ծառայությունների տրամադրմանը, հաճախորդի սոցիալական վիճակի վրա ներազդելու սկզբունքորեն նոր մեթոդների եւ մեխանիզմների կիրառմանը` հիմքում դնելով իրավիճակի ամբողջական վերլուծության արդյունքում բացահայտված հաճախորդի կարիքը:

Այդ նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ 2012 թ. հաստատվել է ՀՀ-ում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը, որի իրականացման համար նախատեսվում է ստեղծել 50-ից ավելի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ:

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման արդյունքում կձեւավորվի մեկ միասնական պետական մարմին, որը կիրականացնի բոլոր տիպի կենսաթոշակների, նպաստների նշանակման եւ վճարման աշխատանքները:

Այնուհետեւ Տիգրան Սարգսյանն այցելել է Վաղաշեն համայնք` ներկա գտնվել տեղի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը: 800 աշակերտի համար նախատեսված դպրոցը բաղկացած է 4  մասնաշենքերից: Դպրոցը շահագործման է հանձնվում ներքին եւ արտաքին հարդարմամբ, ջեռուցման եւ կոյուղու համակարգերով: Դպրոցի կառուցման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 830 մլն դրամ: Ներկայում կառավարությունը Գեղարքունիքի մարզում իրականացնում է 10 կրթական օբյեկտի շինարարություն, որոնցից 4-ը շահագործման կհանձնվեն այս տարի: Մեծ ուշադրություն է դարձվում հատկապես օբյեկտների սեյսմակայունության ապահովմանը:

2014 թվականին նախատեսվում է նաեւ վերանորոգել Գավառի թատրոնը եւ Գետաշենի մանկապարտեզը:  

Վարդենիսի եւ Վաղաշենի բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանին` սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ գործնական ծրագրեր իրականացնելու եւ ուսումնական հաստատությունների կառուցմանն ու հիմնանորոգմանը հետամուտ լինելու համար: