Շիրակի մարզի բնակիչ 37-ամյա Վաչագան Գրիգորյանի ազգականի ծննդյան արարողությունն ավարտել է դանակահարությամբ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 37-ամյա Վաչագան Գրիգորյանը հուլիսի 22-ին, ժամը 21:30-ի սահմաններում իր տան պատուհանների տակ բարձր ձայնով խոսելու, ավտոմեքենայի ազդանշաններ տալու պատճառով վիճաբանել է Ն. Պողոսյանի, Ռ. Խողոսյանի եւ իր քրոջ որդու՝ Ա. Գրիգորյանի հետ, քաշքշել են միմյանց, որից հետո Վաչագան Գրիգորյանին կինը եւ քույրը տարել են տուն:
Դրանից հետո իր ծննդյան արարողությունը փչացնելու պատճառաբանությամբ Ա. Գրիգորյանը կոտրել է քեռու տան ապակիները, որից վերջինս բարկացել է եւ տանից վերցնելով խոհանոցային դանակը դուրս է եկել բակ ու դիտավորյալ հարվածել իր դիմաց կանգնած Ն. Պողոսյանի որովային՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:
Քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի 1-ին մասով` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 30-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























