«Ռոսնեֆտ» ու «Pirelli» ընկերությունների ներկայացուցիչները շարունակում են պարբերաբար լինել Հայաստանում «Նաիրիտ» քիմիական կոմբինատի հարցով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: «Որեւէ նորություն, նոր համաձայնագրեր դեռ չկան: Սակայն մշտական այցերը շարունակվում են, երկու ընկերությունների հետ մենք մշտապես աշխատում ենք»,- հայտնել է Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ Pirelli-ի ու «Ռոսնեֆտի» ներկայացուցիչները հոկտեմբերին այցելեցին «Նաիրիտ»: Ինչպես նախկինում հայտնում էր իտալական ընկերությունը, այցի ընթացքում նախատեսվում է գնահատել գործարանի ներդրումային հնարավորությունները: «Ռոսնեֆտը» ներդրումների նպատակահարմարության մասին որոշում կընդունի բութադեինից կաուչուկի արտադրության էկոլոգիական աուդիտի արդյունքներից հետո, որը 2013թ.-ի օգոստոսին անց է կացրել անգլիական Jacobs ընկերությունը: Ռուսական ընկերության որոշումը կախված է նաեւ հայկական կողմի հետ աշխատանքի հարկային ռեժիմի շուրջ բանակցություններից:

«Նաիրիտը» հանդիսանում է ԱՊՀ-ում արհեստական կաուչուկի միակ արտադրողը: Գործարանն աշխատում է 2012թ.-ի ապրիլից: 80-ական թվականների կեսերին «Նաիրիտում» յուրացվեց բութադեինից կաուչուկի արտադրության տեխնոլոգիան, որն ավելի շահավետ է ու էկոլոգիապես մաքուր է ացետիլենայինի համեմատ: 1989թ.-ին գործարանը էկոլագիական նկատառումներով փակվեց: 1992թ.-ին վերաբացվեց: 2000-ականներին կաուչուկ էր արտահանում տարեկան մոտ 9000 տոննա՝ 23-24 մլն դոլար արժողությամբ: 2008թ.-ին ֆինանսական ճգնաժամից հետո արտահանում կրճատվեց մինչեւ 4,6 հազար տոննա: Գործարանը մեծ պարտքեր կուտակեց, իսկ սարքավորումները վերանորոգման ու արդիականացման կարիք ունեն: 2010թ.-ին լեհական PBG ընկերությունը ֆինանսական առողջացման ծրագիրը գնահատեց 210 մլն դոլար: