Դեդ Հասանի կլանի կողմից թագադրված եւ սպանված «օրենքով գող» Արա Մուրադյանը վերահսկում էր Սոչիի օլիմպիական խաղերի համար ներդրված գումարները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քրեական թեմաներով գրող Սերգեյ Գալոյանը: Նրա խոսքով՝ Արա Մուրադյանը թագադրվել է 2012թ-ի դեկտեմբերին՝ Աբու Դաբիում:
«Մուրադյանը վերահսկում էր Արմավիր քաղաքը եւ Կրասնոյարսկի մարզը: Նա շատ ճարպիկ երիտասարդ էր եւ քրեական աշխարհում նրա խոսքն անցնում էր: Այնքան ճարպիկ էր, որ նույնիսկ մտերմացել էր Կրոսնոյարսկի մարզի դաշնային անվտանգության ծառայության պետի հետ ու նրա հովանավորությունն էր վայելում»,- նշեց գրողը:
Նա նշեց, որ այս պատերազմը Սոչի օլիմպիադայի գումարները վերահսկելու եւ Մոսկվայի շուկային ձեռք գցելու համար է: «Նրանք իրար կսպանեն այնքան ժամանակ մինչեւ «Շաքրո Մոլոդոյ»-ը վերադառնա իսպանական բանտից եւ զբաղեցնի Դեդ Հասանի աթոռը: Այդ ժամանակ գուցե կողմերը կարողանան իրար հետ համաձայնության եզրեր գտնել: Նրանց պատերազմը ձեռնտու է ուժային կառույցներին: Իրենք իրենց խփելով իրավապահների գործն են հեշտացնում: Իրավապահները կարող էին այդ ամենը կանխել, բայց չեն անում, քանի որ այս երկու կողմերը իրենք իրենց վերացնում են: Իրավապահներն էլ, ոչ գումար են ծախսում, ոչ էլ ուժ են ներդնում»,- ասաց Սերգեյ Գալոյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կուբանում՝ Արմավիրում, գողական հավաքից հետո վախճանվել է «օրենքով գող» Արա Մուրադյանը: «Փրայմ-Քրայմ»-ը հայտնել էր, որ տիտղոսավոր հեղինակությունների միջեւ հարաբերությունները պարզվել են քաղաքային սրճարաններից մեկում, որտեղ հանգուցյալ Դեդ Հասանի կլանի կողմից թագադրված «օրենքով գող» Արա Մուրադյանի կարգադրությամբ հրավիրվել էր ոմն Ռեզիկոն, որը ձգտում է մտնել գողական ընտանիք՝ հակընդդեմ կողմից: Նախքան հանդիպման գնալը Ռեզիկոն իր մտերիմ «գող» Լյոխա Զլակին տեղեկացրել է դրա ժամն ու վայրը: Սրճարանում Դեդի կլանի կողմնակիցները ծեծել են Ռեզիկոյին, իսկ նրան օգնության հասած Զլակը, Դաթո եւ Արտեմ գողերի եւ եւս մեկուկես տասնյակ մարզական ծանրքաշայինների հետ, հարձակվել են Արա Մուրադյանի եւ նրա ընկերների վրա: Ամենաշատը տուժել է Արա Մուրադյանը, որը հաջորդ օրը վախճանվել է:




























