Ամերիկյան Թեքսաս նահանգի Կապերաս-Քոուվ քաղաքի բնակիչ Ջորի Էնքը կալանավորվել է միայն այն պատճառով, որ գրադարանին չի վերադարձել վերցրած գիրքը:
Քաղաքի դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նա գրադարանին չի վերադարձրել 2010 թվականին վերցրած դասագիրքը: Քաղաքի օրենսդրության համաձայն՝ եթե մարդը թույլատրելի ժամկետից հետո երեք ամսվա ընթացքում գրադարանին չի վերադարձնում գիրքը, ինչպես նաեւ չի պատասխանում նամակներին ու հեռախոսազանգերին, նա կարող է կալանավորվել: Էնքը իր վերցրած դասագիրքը չի վերադարձրել մոտավորապես 4 տարի, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ABC-ն:
Ոստիկանները երիտասարդի հետ հանդիպել են բոլորովին այլ գործով ու երբ իրենց տվյալների բազայում նայել են նրա մասին տեղեկությունը, պատահաբար բացահայտել են, որ նրա դեմ բողոք կա եւ կալանավորել են:
Ազատության մեջ հայտնվելու համար երիտասարդը ստիպված է եղել 200 դոլար գրավ մուծել:





























