NEWS.am-ի տեղեկություններով, այսօր՝ նոյեմբերի 1-ին, զբաղեցրած պաշտոնից ազատվել է Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը, ով հասարակությանը քաջ հայտնի է բողոքի ակցիաներից ու հանրահավաքներից:
Հիշեցնենք, որ նա մինչ Արաբկիրի ոստիկանությունում աշխատելը եղել է ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետի տեղակալը: Արայիկ Պետրոսյանը մշտապես աչքի է ընկել ագրեսիվ վարքով, քաղաքացիների հետ ոչ պատշաճ պահվածքով: Նա իր մասնագիտական «հմտությունները» դրսեւորել է հատկապես Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցող բողոքի ակցիաների ժամանակ:
Նույնիսկ համակարգի ներսում են արձանագրել, որ նրա վրա այդպես էլ ոչ մի բարեփոխում ու զգուշացում չազդեց: Դեռ հայտնի չէ, թե նրա փոխարեն ում կնշանակեն:
Հիշեցնենք, որ առաջին անգամ Արային Պետրոսյանն աչքի էր ընկել 2008-ի նախագահական ընտրություններից առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից թռուցիկներ բաժանելու ժամանակ տեղի ունեցած միջադեպի ժամանակ, երբ նա արցունքաբեր գազ էր փչել լրագրողուհիներից մեկի վրա:





























