Պետք է հետեւողականորեն շարունակել Երեւանի ջրամատակարարման ընդհանուր վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, «Երեւան Ջուր» ընկերության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Երեւանցիների համար անխափան եւ որակյալ ջրամատակարարման ապահովումն այսօր մեզ համար առաջնահերթ խնդիրներից մեկն է: Ինչ խոսք, վերջին տարիների ընթացքում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք որոշակիորեն բարելավել են մայրաքաղաքի ջրամատակարարման որակը: Սակայն հատկապես բազմաբնակարան, բազմահարկ շենքերում այսօր դեռեւս առկա են ջրամատակարարման գրաֆիկի հետ կապված խնդիրներ եւ պետք է աշխատենք հասնել այնպիսի արդյունքի, որ Երեւանում շուրջօրյա անխափան ջրամատակարարում ապահովվի եւ որ ամենակարեւորն է՝ երեւանցիները գոհ լինեն մատուցվող ծառայություններից: Մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրները պետք է լինեն օրակարգային եւ կատարված աշխատանքների գնահատականը պետք է տան հենց բնակիչները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

«Երեւան Ջուր» ընկերության տնօրենների խորհրդի նորանշանակ նախագահ Ռոստիսլավ Չապմանն էլ իր հերթին գոհունակություն է հայտնել համատեղ արդյունավետ համագործակցության համար եւ ընդգծել, որ «Երեւան Ջուր» ընկերությունը եւս պատրաստակամ է հետագա համագործակցության եւ համատեղ ծրագրերի իրականացման հարցում. «Մենք պարտավորված ենք կյանքի կոչել Երեւանի ջրամատակարարման բարելավմանն ուղղված բոլոր այն ծրագրային դրույթները, որոնք ամրագրված են Երեւանի ջրային համակարգերի վարձակալության պայմանագրում: Քաղաքապետարանն  իսկապես վստահելի գործընկեր է մեզ համար եւ մենք մեծ սիրով կշարունակենք համատեղ փոխգործակցությունը»,- նշել է Ռոստիսլավ Չապմանը:

Օգտվելով առիթից Տարոն Մարգարյանը շնորհավորել է Ռոստիսլավ Չապմանին «Երեւան Ջուր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ համոզմունք է հայտնել, որ այսուհետ եւս կշարունակվի արդյունավետ համագործակցությունը: