Վրաստանի իշխանություններն այնպիսի հասարակություն կստեղծեն, որ աբխազներն ու օսերն իրենք կցանկանան դրա մաս դառնալ: BBC-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
«Մենք այնպիսի հասարակություն կստեղծենք, որտեղ յուրաքանչյուր ազգային խմբի, յուրաքանչյուր քաղաքացու պաշտպանվածությունը կերաշխավորվի ոչ միայն Սահմանադրությամբ, այլեւ տեսանելի կլինի գործնականում: Մենք այնպիսի հասարակություն կստեղծենք, որտեղ կցանկանան ապրել մեր աբխազ եւ օս քաղաքացիները», - ասել է նա ի պատասխան Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հանդեպ մարտավարությանն առնչվող հարցին:
Նշելով, որ այդ հարցերը պետք է լուծվեն ռուսաստանյան դիվանագետների եւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի բնակչության հետ երկխոսության միջոցով, Մարգվելաշվիլին հայտնել է, թե այդ խնդիրների լուծման ռացիոնալ մոտեցում ունի, որը մի քանի կետից է բաղկացած:
«Նախ, մենք մեր գործընկերների հետ կշարունակենք աշխատել այդ տարածքները որպես անկախ պետություններ չճանաչելու գծով (...) Մյուս կողմից, կփորձենք նվազեցնել ջերմաստիճանը, կայունացնել Մոսկվայի հետ առկա բացասական ֆոնը: Եթե հաջողվի բանակցությունների սեղանի շուրջ նստել, իմաստավորել այն, որ տվյալ իրավիճակը կողմերից ոչ մեկին ձեռնտու չէ, ապա կարծում ենք, որ կհանգենք այդ խնդիրների լուծմանը», – ասել է Մարգվելաշվիլին:
Ռուսաստանի հետ հարաբերությունների առնչությամբ Մարգվելաշվիլին նշել է, որ Վրաստանն արդեն ջերմաստիճանի, ագրեսիայի եւ լարվածության նվազման որոշակի ձեւաչափ ունի. «Ինչ-որ պահի մենք պատրաստ կլինենք առավել արդյունավետ աշխատել ժնեւյան ձեւաչափով: Մենք կարծում ենք, որ իրավիճակի կայունացումը մեր երկրների միջեւ ռացիոնալ երկխոսության կհանգեցնի», - ասել է նա:
Մարգվելաշվիլին նաեւ նշել է, որ Եվրամիության հետ Վրաստանի հարաբերությունները աշխուժանում են, եւ «տառացիորեն մի քանի շաբաթից կկայանա Վիլնյուսի գագաթաժողովը, որտեղ մենք մտադիր ենք Եվրամիության հետ ասոցացման եւ ազատ առեւտրի մասին համաձայնագրեր նախաստորագրել»:




























