Առողջապահության նախարարությունը պատժիչ կառույց չէ, մենք սոսկ կարող ենք հայտնել՝ տվյալ դեղամիջոցը գրանցված է Հայաստանում, թե ոչ: Այս մասին նոյեմբերի 1-ին ԱԺ-ում լրագրողներին ասել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Հայաստան չգրանցված դեղերի ներկրում եղել է, թե ոչ: Խոսքը մասնավորապես ներկրված «Պրեգնիլ» դեղամիջոցի եւ այն ներկրողը «Natali Pharm» ընկերությանը պատժելու մասին էր:
Ըստ նախարարի՝ նման դեպքերում դեղամիջոցը առգրավվում է, սակայն տվյալ պարագայում նրան հայտնի չէր՝ այն ներկրող ընկերությունից առգրավվել է, թե ոչ:
«Բոլորի համար միանման կանոններ են գործում՝ լինի «Natali Pharm»-ը, թե մեկ այլ ընկերություն: Առողջապահության նախարարությունը ոչ մի ընկերության արտոնյալ պայմաններ չի տրամադրել»:
Նախարարը նաեւ նշել է, որ գերատեսչությունը դեղերի մասին օրինագիծ է պատրաստել, որը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը: Այն կարգավորում է դեղերի ինչպես առավելագույն, այնպես էլ նվազագույն արժեքը:
Նշենք, «Natali Pharm» դեղատների ցանցը պատկանում է գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:





























