Նախօրեին կայացած կառավարության նիստում երկարաձգվել է Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների լիցենզիայի տրամադրման ժամկետը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի  1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մասնավոր պահնորդական միության նախագահ Հովհաննես Պետրոսյանը՝ անդրադառնալով Մասնավոր պահնորդական ծառայության մասին օրենքի փոփոխություններին:

Նա նշեց, որ մինչեւ այդ քննարկումներ են ունեցել ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի հետ: «Նա փոխանցեց, որ ոստիկանապետի հետ ոլորտի վերաբերյալ քննարկումներ է ունեցել եւ ոստիկանապետն անձամբ ներկայացրել է Օսիկյանին, որ լիցենզիայի ժամկետը երկարաձգվի: Սակայն երկարաձգումը կատարվում է մեկ այլ նպատակով, որ մենք՝ կազմակերպություններս, կարողանանք մեր պահնոդներին լիցենզավորել եւ ուղարկել ոստիկանություն՝ որակավորման ստուգում անցնելու: Սակայն ժամկետն իրատեսական չէ: Այնինչ այս փոփոխությունը արվում էր թիկնապահների համար: Սակայն մինչեւ այսօր երեք անձ է անցել ընթացակարգով: Բա մյուսներն ինչո՞ւ չեն գնում որակավորվեն»,-ասաց Պետրոսյանն ու հավելեց. «Օրենքը նախագահի հրամանով դրվեց զուտ թիկնապահների համար՝ գործառույթները կարգավորելու, օրենքի դաշտ բերելու համար, սակայն ամբողջը տեղափոխվեց պահնորդների վրա»:

Ն նաեւ նշեց, որ օրենքի նախագիծն առաջիկայում քննարկվելու է ԱԺ-ում եւ առաջիկայում խորհրդարանական լսումներ կկայացվի, որտեղ ավելի հանգամանալից կներկայացնեն խնդիրները եւ առաջարկվելիք փոփոխությունները: