Մարտի 26-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հանդիպումը բողոքի ալիք է բարձրացրել ստամբուլահայերի շրջանում:

Թուրքական Taraf-ի փոխանցմամբ` մի խումբ ստամբուլահայեր հայտարարություն են տարածել ընդդեմ Շիրինօղլուի հայտարարության, թե իբր հայերը Թուրքիայում անվտանգության մեջ են իրենց զգում: Ստամբուլահայերի խումբը, ընդդեմ Շիրինօղլուի հայտարարության, էլեկտրոնային ստորագրահավաք է սկսել, որի մեջ ասվում է.

«Եթե Շիրինօղլուն նշում է, որ հայերը Թուրքիայում անվտանգության մեջ են ապրում, ուրեմն, մենք այլ Թուրքիայում ենք ապրում: Հայերը այս երկրում ենթարկվում են ազգայնական հարձակումների եւ ազգային խտրականության: Հայերը Թուրքիայի համար միջազգային հարաբերություններում ծառայում են, որպես առեւտրի առարկա: Մենք սպասում էինք, թե Շիրինօղլուն Էրդողանին կհիշեցներ, որ 3 տարի առաջ սպանված Հրանտ Դինքի սպանության բացահայտման գործում իրական քայլեր չեն ձեռնարկվում: Շիրինօղլուն 1915-ը որակել է որպես երկու ընկերոջ միջեւ վեճ: Մենք դատապարտում ենք Շիրինօղլուի այս հայտարարությունը, որում փորձել է ծածկել եւ թեթեւացնել մարդկության դեմ իրականացված ծանր հանցանքը»-նշվում է ստամբուլահայերի հայտարարության մեջ: