Տարեսկզբին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը հանձնարարել էր կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներին` ուժեղացնել հսկողությունը փաստաթղթաշրջանառության նկատմամբ: Անդրադառնալով երկրում ստվերային տնտեսության դեմ պայքարին` նա նշել էր, որ ստվերը եւ առանց փաստաթղթերի աշխատելը նույն երեւույթներն են, հետեւաբար ցանկացած միջոցառում եւ գործողություն, որն ուղղված է խնդրի կարգավորմանը, հավասարազոր է ստվերի կրճատմանը: «Հանրապետության ամբողջ տարածքում պետք է խաղի մեկ` միասնական կանոն գործի, բոլորը պետք է աշխատեն փաստաթղթաշրջանառության հստակ սահմանված ընթացակարգերով»,-հանձնարարել էր կոմիտեի նախագահը:

ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության կազմակերպական եւ տեղեկատվական բաժնի պետ Աշոտ Զաքարյանն, ամփոփելով ընթացիկ տարվա 10 ամիսների վիճակագրությունն, այսօր նշել է. «Առանց փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխման խախտումների վիճակագրության` ամենօրյա ռեժիմով հրապարակումը կոմիտեի պաշտոնական կայքում դրական ազդեցություն է ունեցել բիզնեսի վարքագծի վրա: Օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած միջոցառումների արդյունքում տնտեսվարող սուբյեկտների զգալի մասն սկսել է աշխատել փաստաթղթաշրջանառության հստակ ընթացակարգերով, կարգազանցներն էլ տուգանվել են: Եթե նախորդ տարվա 10 ամիսների ընթացքում դուրս էր գրվել մոտ 4.9 միլիոն հարկային հաշիվ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կտրուկ ավելացել է` կազմելով շուրջ 6.5 միլիոն: Նախորդ տարվա 10 ամիսների ընթացքում դուրս գրված հարկային հաշիվներով արտացոլված գումարը մոտ 1.3 տրիլիոն դրամ էր կազմել, իսկ ահա այս տարվա նույն ժամանակահատվածում այն ավելացել է շուրջ 300 միլիարդով` կազմելով 1.6 տրիլիոն դրամ»: Աշոտ Զաքարյանի հավաստմամբ` շուրջ 2000 վարչական ակտով տուգանքը կազմել է 710 միլիոն դրամ, որի մեծ մասն արդեն իսկ վճարվել է: «Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ փաստաթղթաշրջանառության հսկողության գործընթացն իրականացվել է մեծ հետեւողականությամբ` ընդգրկելով շղթայի բոլոր օղակները, իսկ բիզնեսի պահվածքն ու արդյունքը, որ արձանագրել ենք փաստում են տնտեսավարման նոր որակի մասին, որն աստիճանաբար ամրապնդվում է` ստվերի կրճատվող ծավալներին զուգընթաց»,-նշել է Օպերատիվ հետախուզության վարչության կազմակերպական եւ տեղեկատվական բաժնի պետ Աշոտ Զաքարյանը: