Աբովյանում 27-ամյա Դավիթ Պապյանի նախկին զոքանչը, ով փեսային մեղադրում էր իրեն եւ աղջկան ծեծելու մեջ, դատարանում հետ է վերցրել բողոքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Պապյանը:

«Դատի ժամանակ նախկին կնոջս մայրն ասաց, որ փոշմանել են իրենց արարքից եւ ցանկանում են, որ գործը փակվի»,- փոխանցեց Դավիթը, հավելելով, որ փաստաբանն էլ հրաժարվել է նրանց շահերը պաշտպանել եւ առաջիկայում նրանց պետք է հանրային պաշտպան հատկացնեն:

«Դատը հետաձգվեց մինչեւ հանրային պաշտպան տրամադրեն: Ես ցանկանում եմ, որ դատը շարունակվի եւ բոլորի համար պարզ դառնա, որ նրանց արածը զրպարտություն էր: Իսկ դեկտեմբերի 12-ին երեխայի խնամակալության գործով է դատ նշանակված, սակայն մինչեւ այսօր ինձ արգելում են երեխայի հետ տեսակցել»,- ավելացրեց Դավիթը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աբովյանում 27-ամյա Դավիթ Պապյանը վնասել է նախկին զոքանչին եւ ծեծել կնոջը: Սակայն նախկին կինն էլ ծեծի էր ենթարկել Դավիթ Պապյանին: Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացել էր, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Դավիթ Պապյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունիսի 27-ին ժամը 12:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Գառնիի փողոցի 2-րդ շենքի 5-րդ բնակարանում իր երեխային տեսնելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում անզգուշությամբ հրել է Ի.Նշանյանին, ինչի հետեւանքով վերջինս ընկել է գետնին: Բացի այդ, ծեծի է ենթարկել նախկին կնոջը՝ Մարիաննա Պապյանին` նրան պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Քրեական գործ էր հարուցվել 121 հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 50-100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով: Քրեական գործ է հարուցվել նաեւ 118 հոդվածով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը):