Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաջորդել են կադրային փոփոխությունները բանակում: Պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հեռացվել է պաշտոնից: Նրան հետեւել են բանակի բազմաթիվ պաշտոնյաներ: Սակայն հարցը դրանով չի ավարտվել: Ավելին, նախկին նախարարին մեղադրել են դավաճանության մեջ:
NET-FAX-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներքին անվտանգության վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Վասյակը հայտնել է, որ Սաֆար Աբիեւը «բանակի ողջ համակարգը իրեն էր հարմարեցրել՝ պատասխանատու պաշտոններում առաջ տանելով իրեն հարմար եւ հավատարիմ մարդկանց, ազատել էր բարձր որակավորում ունեցող սպաներին՝ նրանց հեռացնելով բանակից կամ էլ նշանակելով երրորդական պաշտոնների, կամ էլ, ինչն իսկապես սարսափելի է, հեռացրել էր նրանց զորքերի հրամանատարությունից»:
Ըստ նրա՝ այդ ամենը չէր կարող չազդել ազգային զինված ուժերի վրա, որտեղ բավականին բացասական միտումներ էին սկսել նկատվել՝ սկսած կոռուպցիայից եւ հրամանատարական կազմին սիրաշահելուց մինչեւ ոչ մասնագիտական մոտեցում, խարդախություն եւ չարաշահում, զինծառայողների շրջանում հակականոնադրական փոխհարաբերություններ, այդ ամենը հանգեցրել էին մարտունակության եւ ռազմական պատրաստվածության մակարդակի նվազման: Գեներալ-մայորը նշել է, որ վերջին ժամանակներս ադրբեջանական բանակի կազմավորման գործընթացը լճացմանը բնորոշ հատկություններ է ձեռք բերել: Երկրի ԶՈՒ-ի բարեփոխումները տեղում դոփում են եւ, բնականաբար, դրա պատասխանատուն պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիեւն է:





























