Նոյեմբերի 5-ի նիստում «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է «Տաթեւ» վանական համալիրի պահպանական գոտու կառուցապատման սխեմայի նախագիծը:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն ընդգծել է պետության կողմից իրականացվող բազմաֆունկցիոնալ քաղաքաշինական այս ծրագրի կարեւորությունը, որը հնարավորություն կստեղծի տեղացի եւ օտարերկրյա ներդրողներին` լայնածավալ եւ հեռանկարային շինարարական ծրագրերի համար: «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի նախագիծը լավագույն օրինակ կարող է դառնալ պետություն-մասնավոր հատվածի գործակցության համար, կկանոնակարգի մասնավոր ներդրումային ծրագրերը` համապատասխանեցնելով պատմամշակութային հուշարաձանի չափանիշներին»,- նշել է նախարարը:

Նախագծի հեղինակները ներկայացրել են կարգավորման գոտու նախագիծը, որով առանձնացվել են հիմնական գործառնական գոտիները: Ազգային մրցունակության հիմնադրամի եւ «Տաթեւ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ առաջիկայում հանձնաժողովին կներկայացնեն միջազգային փարձագիտական խմբի եզրակացությունը` կարգավորման այս գոտու զբոսաշրջային զարգացման միտումների վերաբերյալ:

Հանձնաժողովի նիստին մասնակցում էին նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ կառավարությունը հայտարարելով «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի մասին, միաժամանակ սահմանեց` այդ նպատակի համար ծրագրեր իրականացնել Տաթեւ վանական համալիրի պահպանական գոտում եւ հարակից տարածքներում: «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնն ընդգրկում է «Տաթեւ» վանական համալիրը եւ հարակից` Սյունիքի մարզի Խոտի, Շինուհայրի, Հալիձորի, Տաթեւի, Սվարանցի, Տանձատափի, Աղվանիի եւ Բարձրավանի գյուղական համայնքները: