Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս նշել է , որ Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու հարցում ՀԱՊԿ կամ ՌԴ ներգրավման անհրաժեշտությունը չի տեսնում, եւ մեր զինված ուժերի կարողությունները ավելի քան բավարար են ցանկացած մարտական խնդիր կատարելու համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի քայլը:

«Տեղեկացա, որ Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ պարզաբանումներ է պահանջել Գյումրիի 102-րդ ռազմակայանի հրամանատարի՝ «Կրասնայա Զվեզդա» թերթին տրված հարցազրույցի վերաբերյալ:

Ադրբեջանի պաշպանության նախարարին իր աշխատակազմը ըստ երեւույթին պատշաճ կերպով չի տեղեկացրել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի , ինչպես նաեւ 2010թ. օգոստոսին ՀՀ-ում ՌԴ ռազմական բազային մասին ստորագրված թիվ 5 արձանագրության վերաբերյալ»,- նշել է Հովհաննիսյանը եւ հավելել. «Այնուամենայնիվ հիշեցնեմ, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս նշել է , որ Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու հարցում ՀԱՊԿ կամ ՌԴ ներգրավման անհրաժեշտությունը չի տեսնում, եւ մեր զինված ուժերի կարողությունները ավելի քան բավարար են ցանկացած մարտական խնդիր կատարելու համար: ՀԱՊԿ անդամակցությունը եւ հայ-ռուսական ռազմական համագործակցությունն ուղղված է երրորդ երկրի հավանական ագրեսիայի կանխմանը»:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ռուս համանախագահ Իգոր Պոպովից պարզաբանումներ էր պահանջել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարի հայտարարությունների կապակցությամբ, թե Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժի գործադրման դեպքում ռուսական ստորաբաժանումը կարող է միջամտել ռազմական գործողություններին: Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ այս հայտարարությանը պաշտոնական արձագանք է անհրաժեշտ: