Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 5-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված հրադադարի պահպանման ջանքերի ակտիվացման հետ կապված հարցեր:
Համանախագահները ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները:
Ողջունելով կողմերի միջեւ վստահության հաստատմանն ուղղված միջազգային նախաձեռնությունները` ՀՀ պաշտպանության նախարարը միաժամանակ համանախագահների ուշադրությունը հրավիրել է Բաքվից հնչող շարունակական ռազմատենչ հայտարարությունների, անցած ամիսների ընթացքում ադրբեջանական կողմից հրադադարի հաճախակի խախտումների վրա՝ ընդգծելով, որ նման քայլերով կրկին անգամ փորձ է արվում հակամարտության խաղաղ կարգավորումը տանել փակուղային իրավիճակի:




























