Ոստիկանները ակտիվիստներին բերման են ենթարկել բռնի ուժով եւ առանց հիմնավոր պատճառի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանը, ով գտնվում էր ոստիկանության Կենտրոնի բաժնում: Նրա հետ են ակտիվիստներից Վահագն Մինասյանը եւ Արթուր Սմբատյանը:
«Գիտեմ, որ էլի ակտիվիստներ կան ոստիկանության կենտրոնի բաժնում, բայց ես նրանցից տեղյակ չեմ»,- նշեց ակտիվիստը: Հարցին, թե պայթուցիկները իրավապահների, թե ակտիվիստների մոտ են եղել, նա ասաց. «Ես տեղյակ չեմ: Նրանց ավելի ուշ մոտեցա եւ տեսա, որ ոստիկանները մարդկանց են ծեծում: Ասել եմ՝ մի ծեծեք ու բերման են ենթարկել»,- պատմեց Կարեն Հարությունյանը եւ ավելացրեց:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց է անում եւ հայտարարել է հեղափոխություն սկսելու մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել են երթը, տեղի են ունեցել բախումներ, հնչել են պայթյուններ, ոստիկանները բերման են ենթարկել երկու տասնյակից ավելի ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am




























