«Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովը հայտարարել է, որ 2014 թվականին իր լիագումար նիստը կկայանա Հայաստանում: Այս մասին մի քանի լրագրողների հետ զրույցում նշեց Եվրանեսթի ԽՎ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Մեկնաբանելով Ադրբեջանի հայտարարությունը՝ այդ կազմակերպության աշխատանքներին իր մասնակցությունը դադարեցնելու մասին, Սահակյանը նշեց, որ Բաքուն նման քայլի է գնացել, որովհետեւ Եվրախորհրդարանը քննադատել է Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները՝ դրանք անվանելով ոչ ժողովրդավարական: Նրա խոսքով՝ հաջորդ պատճառն այն է, որ Եվրանեսթի ԽՎ-ի նիստը կայանալու է Հայաստանում, որտեղ մի շարք հարցեր կհնչեն, որի պատասխաններն Ադրբեջանը չունի:
Երրորդ պատճառն, ըստ Սահակյանի, այն է, որ դադարեցնելով իր մասնակցությունը, Ադրբեջանը հնարավորություն է ստանում չմասնակցել «Արեւելյան գործընկերության» շրջանակներում վիլնյուսյան գագաթաժողովին, որպեսզի այնտեղ էլ չկանգնի մի շարք խնդիրների առջեւ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Եվրանեսթ»-ի ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը՝ Էլհան Սուլեյմանովի գլխավորությամբ, մեղադրել էր Եվրախորհրդարանին Ադրբեջանում կայացած ընտրությունների վերաբերյալ «ոչ օբյեկտիվ» գնահատականներ տալու մեջ: Ադրբեջանը ավելի առաջ է գնացել եւ «Եվրանեսթ»-ի ԽՎ-ին պայմաններ առաջադրել.
1. Քանի դեռ չեն քննվել այդ կետի ի հայտ գալու պատճառները եւ համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկվել, ադրբեջանական կողմը ստիպված է մտածել «Եվրանեսթի» ԽՎ-ի հետ համագործակցության հետագա ձեւաչափի մասին;
2. Քանի դեռ չեն ազատվել «օկուպացված տարածքները», Ադրբեջանը կդադարեցնի իր գործունեությունը այդ կառույցում՝ Հայաստանի նախագահության ընթացքում:




























