Հայաստանն ու Իրաքը առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, Երեւանում հայ-իրաքյան տնտեսական համագործակցության  միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ով այդ հանձնաժողովի համանախագահն է:

Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է իրաքյան կողմի հետ քննարկել ցանկացած ներդրումային առաջարկներ: «Մենք պատրաստ ենք մեր իրաքցի գործընկերների հետ քննարկել շինանյութերի արտադրության եւ տեղի գյուղատնտեսական ձեռնարկությունների կազմավորման վերաբերյալ նախագծեր»,-նշել է Գեւորգյանը:

Իրաքի փոխվարչապետ Ռոուշ Նուրի Շաուեյսի խոսքով՝ իրաքյան կողմը ուրախ է ամրապնդել համագործակցությունը հայ գործընկերների հետ: «Հույս ունենք, որ համաձայնագրի ստորագրումը լավ հիմք կդառնա դրա համար: Մենք պատրաստ ենք համագործակցության տնտեսության ամենատարբեր ոլորտներում եւ հույս ունենք, որ այդ համագործակցությունը արդյունավետ կլինի»,-ընդգծել է Իրաքի փոխվարչապետը:

Նշենք, որ Հայաստանի Իրաք արտահանումը 2012-ին կազմել է 15,7 մլն դոլար, իսկ ներկրումը՝ 33,5 մլն դոլար: Հայաստանից Իրաք հիմնականում արտահանվում է ծխախոտ, խմիչք եւ հյութեր: Իրաքից Հայաստան է ներկրվում հիմնականում նավթամթերք: