Արդարադատության ոլորտում Ավստրիայի հարուստ փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, Ավստրիայի սահմանադրական դատարանի պատվիրակության անդամներին՝ Ավստրիայի ՍԴ նախագահ Գերհարդ Հոլզինգերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է պատվիրակության անդամներին մեր երկրում եւ ընդգծել, որ նման բարձրաստիճան այցելությունները հնարավորություն են ընձեռնում համակողմանիորեն քննարկելու երկրների արդարադատության համակարգերի արդի խնդիրները, դրանց հաղթահարման հնարավորություններն ու ոլորտի ձեռքբերումները, ինչպես նաեւ փորձի փոխանակում կատարելու: Սերժ Սարգսյանը կարեւորել է Ավստրիայի հետ տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը, այդ թվում՝ արդարադատության բնագավառում:

Նախագահի հավաստմամբ, Հայաստանը դատաիրավական համակարգում բարեփոխումներ իրականացնելու գործում սերտ համագործակցում է նաեւ եվրոպական գործընկերների հետ:

Գերհարդ Հոլզինգերը նշել է, որ Ավստրիայի Սահմանադրական դատարանը մեծ կարեւորություն է տալիս Եվրոպայի մյուս պետությունների սահմանադրական դատարանների հետ կապերին եւ ուրախ է Հայաստանի Սահմանադրական դատարանի գործընկերների հետ սերտ եւ արդյունավետ համագործակցության նման հնարավորության համար: Հանդիպման ժամանակ նա ներկայացրել է նաեւ Ավստրիայի Սահմանադրական դատարանի դերն ու նշանակությունը երկրի արդարադատության համակարգում: