Ազգային միացյալ նախաձեռնության ղեկավար Շանթ Հարությունյանը «գժի թուղթ» չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանը:

Նա պատմեց, որ Շանթ Հարությունյանին ձերբակալել էին 2008թ մարտի 1-ի գործով, մեկ տարի շարունակ նրան պահել են, բայց մեկ տարի անց են միայն որոշել դատահոգեբուժական փորձաքննության ենթարկել, ինչը առնվազն կասկածելի է:

«Իր հետ շատ վատ են վերաբերել, օրեր շարունակ չի քնել, իսկ երբ քնել է, փորձել են իրեն սրսկել քնած ժամանակ, որից հետո ինքն արդեն շատ վատ վիճակում է  եղել: Այնտեղ փորձել են իրեն ամեն կերպ հրահրել ինչ-որ բաների, երբ աշխատակիցներից մեկին խփել է, մարտի 9-ին դատահոգեբուժական փորձաքննություն եղավ, իրեն տարան հոգեբուժարան: Նրան մեկուսացրել էին, չէին թողնում հարազատներին տեսնի, ինքը բողոքի ակցիաներ էր անում, այդ ամենը վերագրում էին հոգեկան խանգարման: Նման բան չկա, մենք մեկումեջ տեսնում էինք իրեն ու գիտեինք, որ նորմալ է, ուղղակի շատ լարված վիճակում էր»,- պատմեց նրա նախկին կինը:

Ռուզաննա Բադալյանի փոխանցմամբ՝ դատահոգեբուժական փորձաքննությամբ պարզվել է, որ  Շանթ Հարությունյանը մարտի 1-ից առաջ եղել է նորմալ, առողջ վիճակում, մարտի 1-ին ստեղծված իրավիճակում եղել է աֆեկտի մեջ եւ չի գիտակցել իր գործողությունները: Նա հարց է հնչեցնում, թե ինչու են որոշել մեկ տարի հետ փորձաքննության ենթարկել. «Դուք մարդուն բռնել եք, մեկ տարի հետո եք որոշում՝ նա գիժ է, թե գիժ չի, ադեկվատ է եղել, թե ադեկվատ չի եղել: Դրանք հերյուրանքներ են: Շանթը գիժ չի ու գիժ չի էլ եղել: Ինքը ոչ մի բան էլ չի պլանավորել, որ այդ օրը այդպես է լինելու: Իր խաղաղ երթն է պլանավորել, խոչընդոտել են, այդպես է արել ու լավ է արել»,- ասաց Ռուզաննա Բադալյանը:

Նա նշեց, որ չգիտի, թե այս անգամ ինչ կանեն, իրենք Շանթ Հարությունյանից տեղեկություն չունեն, վերջինս փաստաբան չունի, իրենք էլ չեն զբաղվել այդ հարցով, բայց չգիտեն նրա դիրքորոշումը:

Հիշեցնենք, որ Ազգային միացյալ նախաձեռնության ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց էր անում եւ հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին,  նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 37 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան, նրանցից մեկն էլ դանակահարվել էր: Մարմնական վնասվածքներ էր ստացել NEWS.am-ի թղթակիցը: