Շանթ Հարությունյանի ընտրած ուղին՝ հեղափոխությունը Հայաստանում, արդյունավետ չի: Այս մասին հայտարարել է Երեւանի ավագանում ՀԱԿ խմբակցության անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ։ Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Հայ ազգային կոնգրեսի գլխավոր նպատակը ինչպես եղել, հիմա էլ մնում է իշխանափոխությունը, բայց էվոլյուցիոն ճանապարհով, ոչ թե փողոցային բախումների:

Հարցին, թե երկա՞ր պետք է սպասել այդ էվոլյուցիոն ճանապարհի արդյունքներին, Խաչատրյանը պատասխանել է. «Այդպես էլ կա: Միջազգային տնտեսագետների հաշվարկներով՝ ամեն տարի Հայաստանի բյուջեն կորցնում է 2 մլրդ դոլար: Երկրի բյուջեն պետք է կազմի 5-6 մլրդ դոլար, իսկ հիմա հզիվ 3 մլրդ դոլար է: Հայաստանի ՀՆԱ-ն պետք է կազմի 15-16 մլրդ դոլար, հիմա միայն 10 մլրդ է»:

Այս գնահատականները, ըստ նրա, պատկանում են թուրքահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին: «Այդ տնտեսագետը, ինչպես գիտեք, աշխարհում ամենաազդեցիկ տնտեսագետների տասնյակում է, բայց մեր կառավարությունը նախընտրում է չհիշել նրա գնահատականները»,-հավելել է Վահագն Խաչատրյանը:

Այդուհանդերձ, ՀԱկ-ի անդամի ներկայացմամբ, Շանթ Հարությունյանի ընտրած ուղին արդյունավետ չէ: «Բոլոր դեպքերում պետք է նայել իրականության աչքերին. Ապագայում կարելի է սպասել միայն նմանատիպ նոր ակցիաներ, որովհետեւ ժողովրդական դժգոհությունն աճում է»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Ազգային միացյալ նախաձեռնության ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց էր անում եւ հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին, նոյեմբերի 5-ին իր մի քանի տասնյակ աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 մարդու, որոնցից 20-ը,  այդ թվում՝ Շանթ Հարությունյանը,  ձերբակալված են: Բախումների արդյունքում մոտ մեկ տասնյակ մարդ հիվանդանոցում է, այդ թվում՝ ոստիկաններ:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am