Հայաստանում օլիգարխների հետ մրցակցելը ժամանակի անիմաստ կորուստ է: Այս մասին հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը՝ մեկնաբանելով խորհրդարանում Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանի խոսքերը:

Բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում Ալավերդյանը հայտարարել է, որ ԱԱՀ-ից ազատման շեմը՝ 58.35մլն դրամ տարեկան շրջանառությունից, ուռճացված է եւ խաթարում է սուբյեկտների միջեւ մրցակցությունը:

«Պետեկամուտների կոմիտեն կարող է մրցակցության հետ կապված խնդիրներ գտնել այլ տեղում՝ օլիգարխների հետ մրցակցությունում: Կարո՞ղ է այժմ ինչ-որ մեկը մրցակցել Սամվել Ալեքսանյանի կամ այլ օլիգարխների  հետ: Նրանցից  մեկն էլ նույն այդ Պետեկամուտների կոմիտեի նախագահն է, որը բողոքում է մրցակցության պակասից», - հայտարարել է Վ. Խաչատրյանը:

Ըստ նրա՝ բիզնեսին իրապես կարող էր օգնել հարկերի եւ ստուգումների ռեժիմի մեղմացումը, գոնե ժամանակավորապես: «Հայաստանում երկու հաջողված օրինակներ արդեն եղել են: Առաջինը գորբաչյովյան կոոպերատիվներն էին, որոնց շնորհիվ Հայկական ԽՍՀ-ում հացի ավելցուկ էր, երբ այլ հանրապետություններում այն չէր բավականացնում:

Երկրորդը տեսչական ստուգումների պարզեցումն էր Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք: Այդ միջոցը ձեռնարկվել էր 90-ականների կեսերին, բայց դրա ազդեցությունը շարունակում էր զգացվել 2000-ականներին, քանի դեռ Քոչարյանի ռեժիմն այն չէր խեղդել դրամի արհեստական բարձրացմամբ եւ այլ միջոցներով», – հայտարարել է Խաչատրյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am