Շանթ Հարությունյանը եւ մյուս ձերբակալվածները ՄԻՊ աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում չեն նշել, որ իրենք ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից բռնության են ենթարկվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը:

Նա միաժամանակ չնշեց, թե Շանթ Հարությունյանի եւ մյուս ձերբակալվածների հետ ինչ առանձնազրույց են ունեցել՝ պատճառաբանելով, որ եթե ձերբակալված կողմը համաձայնությունը չի տվել, ապա իրենք իրավունք չունեն հրապարակել խոսակցության բովանդակությունը: Կարմիրշալյանի խոսքով՝ ձերբակալվածների մեջ վիրավոր է եղել, սակայն  նա վնասվածքներն ստացել է բախումների ժամանակ:

Պաշտպանի խորհրդականը նրա համար շտապօգնություն է հրավիրել եւ նա բուժզննում է անցել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 6-ին այցելել է Ձերբակալվածների պահման վայր եւ հանդիպել նոյեմբերի 5-ի միջադեպի կապակցությամբ ձերբակալված բոլոր 20 անձանց հետ:

Պատգամավորը Facebook-ի իր էջում գրել է. «Շանթ Հարությունյանն ինձ տեղեկացրեց, որ Կենտրոնի ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն են գործադրել անձամբ ՀՀ Ոստիկանության պետ Վ. Գասպարյանը եւ Ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը: Վերջինս նաեւ սպառնալիքներ է տեղացել Շանթ Հարությունյանի որդու հասցեին եւ նվաստացուցիչ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել: Ըստ Շանթ Հարությունյանի, մի խումբ ոստիկաններ այդ ընթացքում իր ձեռքերը բռնած են եղել:

Անձամբ Վ. Գասպարյանի կողմից բռնության ենթարկվելու մասին հայտարարեց նաեւ ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը: Ոստիկանները Վարդանյանի կրծքից պոկել են նաեւ պետական պարգեւների արժանացածի կրծքանշանը:

Որպես ԱԺ պատգամավոր պահանջում եմ այս հայտարարությունների կապակցությամբ պատշաճ քննության իրականացնել»: