Երեւանում երթուղայիններում ուղեվարձի արժեքը կօգնի որոշել մասնավոր աուդիտը: Ինչպես NEWS.am-ի թղթակցին է հաղորդել Երեւանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գեւորգյանը, մասնավոր աուդիտորը տեղեկություններ կհավաքի երթուղայինների ու ավտոբուսների ուղեւորահոսքի մասին: Դա կօգնի հաշվարկել մեկ ուղեւորի ուղեվարձի ինքնարժեքը, քանի որ մեկ տրանսպորտային միջոցի ամսական բյուջեն արդեն դիտարկվել եւ հաստատվել է:
«Այժմ պատրաստվում ենք ընտրել այդ ընկերությունը: Որոշումն առայժմ կայացված չէ, արդյոք լինեու է մրցույթ, թե այլ կերպ ենք ընտրելու»,-ասել է Գեւորգյանը: Առայժմ հայտնի չէ նաեւ, թե երբ կավարտվի աուդիտը մինչեւ Նոր տարի, թե դրանից հետո: Սակայն նա վստահեցրել է, որ անպայման մտադիր են անցկացնել աուդիտ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում երեւանյան ուղեւորափոխադրող ընկերություններն ընդգծել են, որ համաձայն են անգամ հնգամյա հնության աուդիտի տվյալների հետ, «երբ Երեւանում ավելի շատ ուղեւորներ կային»: Որքան ուղեւորները շատ են, այնքան ինքնարժեքը ցածր է: Հենց այդ ժամանակ ինքնարժեքը 140 դրամի սահմաններում էր, սակայն 2008-ից ի վեր՝ շատ մարդիկ են մեկնել: Այս մասին նշել է «Արշակյան» տրանսպորտային ընկերության տնօրեն Աշոտ Արշակյանը:
Նշենք, որ ուղեւորահոսքի մասին տվյալներ են հավաքում թե քաղաքապետարանը, թե մասնավոր ընկերությունները: Քաղաքապետարանը որոշել է որպես հիմք ընդունել երրորդ կողմի տվյալները:
Նշենք նաեւ, որ քաղաքային տրանսպորտի վատ աշխատանքի պատճառով բոլորն, ով ունեն նման հնարավորություն, պատրաստվում են սեփական տրանսպորտային միջոցը ձեռք բերել:




























