Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանդիպել է Արարատի եւ Արմավիրի մարզերի շուրջ 80 ձկնաբուծական տնտեսության ներկայացուցիչների հետ: Ներկայացնելով խորքային ապօրինի հորերի կոնսերվացման եւ փակման ուղղությամբ Կառավարության ձեռնարկած վերջին քայլերը՝ նախարարը շեշտել է, որ պատասխանատու գերատեսչությունը վճռական է տրամադրված հիմնախնդիրը լուծելու եւ  արտեզյան ջրերի հորիզոնների մակարդակն վերականգնողականի հասցնելու հարցում եւ այդ ուղղությամբ ձեռնարկում է համապարփակ օերնսդրական եւ գործնական միջոցառումներ: 

Նախարար Հարությունյանը նկատել է, որ արդյունավետ կլինի, եթե գործադիրն  աշխատի ոլորտում գործունեություն ծավալած տնտեսվարողների հետ փոխադարձ համաձայնության դաշտում՝ խուսափելով պետական միջոցներով հորերը կոնսերվացնելու եւ հետագայում դատարանի որոշումներով տնտեսվարողներից ծախսված գումարները գանձելու տարբերակից: Սակայն նույնիսկ պարտադիր կարգով կոնսերվացնելու դեպքում էլ առաջնային կդիտարկվի տնտեսվարողների շահերը, աշխատանքները կարվեն հիմնավոր հաշվարկներից ու իրավիճակի առարկայական գնահատականներից հետո միայն եւ այնպես՝ որպեսզի տնտեսվարողին հնարավորություն ու ժամանակ տրվի կարգավորել իր գործողությունները՝ տնտեսական վնասներից խուսափելու համար: 

Նախարար Հարությունյանը նկատել է, որ խորքային ջրերի մակարդակի վերականգնումը բխում է ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսությունների շահերից, ինչը՝ ոլորտում երկարաժամկետ գործունեություն ծավալելու հիմնական գրավականն է: Հանդիպման մասնակիցներին առաջարկվել է առաջիկա երկու ամսվա ընթացքում սեփական նախաձռնությամբ կոնսերվացնել զգալի քանակության ինքնաշատրվանող ապօրինի հորեր, ինչը պատրաստակամությամբ է  ընդունվել:

Համատեղ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար, Արամ Հարությունյանը առաջարկել է ձեւավորել ձկնաբույծների ներկայացուցիչների խումբ, որը կմասնակցի ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ խնդրի վերաբերյալ անցկացվող ամենշաբաթյա խորհրդակցություններին: