Մադրիդում արդեն երեք օր է, ինչ չի դադարում աղբահավաքների գործադուլը: Քաղաքի փողոցներում՝ հատկապես պատմական կենտրոնում, կուտակվել են մնացորդների հսկայական կույտեր, ինչը քաղաքի բնակիչների եւ հյուրերի դժգոհությունն է առաջ բերել: Գործադուլը կազմակերպած արհմիությունները հայտարարել են, որ այն ժամանակի առումով անսահմանափակ բնույթ է կրում:

Գիշերներն անհայտ անձինք շրջում են աղբի արկղերն ու այն տարածում քաղաքի փողոցներում: Իշխանությունները կասկածում են, որ այդ քայլին գնում են հենց գործադուլ անողները՝ իրենց խնդիրների վրա ուշադրություն գրավելու, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Գործադուլի պատճառը փողոցներում ու հրապարակներում մաքրություն ապահովող ընկերությունների անձնակազմերը ավելի քան քսան տոկոսով կրճատելն է: Ընկերություններն այդ քայլը բացատրում են Մադրիդի քաղաքապետարանի կողմից ֆինանսական աջակցությունը կրճատելով: