Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Քբիլաշվիլին հայտնել է  պաշտոնից հեռանալու մասին:

«Ես որոշել եմ  հրաժարական տալ, սակայն ցանկանում եմ հայտարարել, որ Վրաստանի ապագա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ ոչ մի տարաձայնություն չունեմ»,- ասել է նա նոյեմբերի 7-ի ասուլիսում:

Նա հայտնել է, որ մտադիր է քաղաքացիական սեկտոր անցնել Բիձինա Իվանիշվիլիից հետո, որն առայժմ գլխավորում է կառավարությունը: 

«Իվանիշվիլիի՝ քաղաքացիական սեկտոր մտնելու որոշումից հետո, ես նույնպես վճռել եմ հետեւել նրան», - հայտարարել է Քբիլաշվիլին:

Նա հավելել է, որ  կպաշտոնավարի մինչեւ նոր նախագահի երդմնակալությունը, որը տեղի կունենա նոյեմբերի 17-ին: Դրանից հետո նոր վարչապետ կնշանակվի, որն էլ կհրապարակի նոր գլխավոր դատախազի անունը: Երդմնակալությունից հետո ուժի մեջ կմտնեն երկրի հիմնական օրենքի փոփոխությունները, ըստ որոնց՝ գլխավոր դատախազին նշանակելու է վարչապետը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իվանիշվիլին ներքին գործերի նախարար Ղարիբաշվիլին ներկայացրել էր որպես իր իրավահաջորդ՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում: