Նոր Նորքի 2-րդ զանգվածի Դավիթ Մալյան փողոցի 6-րդ նրբանցքի շենքի բնակարաններից մեկում, հոկտեմբերի 24-ին, 43-ամյա Աննա Ստեփանյանի՝ դիակի հայտնաբերման (բռնության հետքերով) փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում էր նախաքննություն:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ պարզվել է նրա սպանության մեջ կասկածվողի ինքնությունը: Նա 22 տարեկան է, անունը՝ Ռոբերտ:
Ըստ տարածված տեղեկությունների, երիտասարդը նույն օրն է լքել երկիրը, սակայն պաշտոնապես այս մասին դեռ ոչինչ չեն ասում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից անորոշ հայտնել են, որ նրա ինքնությունը հայտնի է եւ նրան համապատասխան հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվել: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ տանը աղջկա դին հայտնաբերել էր հայրը եւ ահազանգել իրավապահներին:




























