Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում ձերբակալվածներին երեկ այցելել է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ում միջոցով ձերբակալված Ավետիս Ավետիսյանը հայտնել է, որ ինքը պահանջում է իր փաստաբանին, և ինքը հացադուլ է անելու: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Ավետիս Ավետիսյանի ընկերներից Մերի Սաֆարյանը:
«Մինչեւ այսօր, մինչ այս պահը իրենից ոչ մի տեղեկություն չկա: Քննիչն էլ չկա, որ փաստաբանը փորձի մտնի, տեսնի` տղայի վիճակը ինչպես է»,- ասաց նա։
Ձերբակալված Արման Մխիթարյանի կինը` Սաիդա Պողոսյանն էլ ասաց, որ ձերբակալված բոլոր տղաներն էլ բժշկական օգնության կարիք ունեն՝ սկսած Ավետիս Ավետիսյանից:
«Օգնելու փոխարեն մեզ բերել կանգնեցրել են խոչընդոտի առջև, ասում են՝ ինչ ուզում եք, արեք»,- ասաց Սաիդա Պողոսյանը: Ձերբակալվածների հարազատները պահանջում էին, որ քննիչներն ավելի ակտիվ լինեն, ընտանիքներին տեղեկություն տրամադրեն:
«Մենք պահանջում ենք ավելի բացահայտ քննություն վարել և պարզ հայտնել՝ ինչում են մեղադրվում տղաները, եթե ոչնչում չեն մեղադրվում, բաց թողեք: Ինչու 18-19 մարդու բաց են թողել, իսկ մյուսների մասին անգամ ցանկություն չունեն տեղեկություն տալու»,- ասաց Սաիդա Պողոսյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում Շանթ Հարությունյանի, ակտիվիստների և ոստիկաների միջև բախումներ են եղել, ձերբակալվել է 20 մարդ:




























