Հայաստանում սերմերի սելեկցիայի ծրագիրը կբարձրացնի 100 հազար հա գյուղատնտեսական հողերի որակը: Այս մասին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ կառավարության նիստում ներկայացնելով սերմերի որակի ստուգման եւ պետական սորտափորձարկման միջոցառումների ծրագիրը:
Կառավարության կողմից հաստատված ծրագիրը ներառում է տեսակների եւ հիբրիդների պետական փորձաքննություն, սերմերի ստուգողական ցանքս եւ լաբորատոր հետազոտություններ, նոր տեսակների վերաբերյալ տեղեկատուների հրապարակում:
Ներկայումս տարեկան ստուգվում է 10-15 հազար տոննա սերմերի որակը, վերջին տարիներին 75 նոր տեսակների եւ հիբրիդների ցանքսի թույլտվություն է ստացվել: Ծրագրվում է նոր տեսակներ եւ հիբրիդներ ցանելու տարեկան մինչեւ 15 թույլտվություն տրամադրել, ինչպես նաեւ ստուգել տարեկան 14 հազար տոննա սերմերի որակը:
Նշված միջոցառումների արդյունքում նախատեսվում է բարձրացնել մշակաբույսերի պտղատվությունը եւ գյուղատնտեսների եկամուտները:




























