Հստակ երեւում է, որ Թուրքիան անկեղծորեն չի ուզում մասնակցի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ու եթե մասնակցում էլ է, ապա միայն ճնշումների պատճառով։ Մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը։ Նրա կարծիքով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղի է մտել։
«Քանի դեռ հայ հասարակությունը թուրք հասարակությանն այնքան չի ձեւափոխել, որ թուրք հասարակությունը իրապես ցանկանա հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, գործընթացը մեռելածին է»,-ասաց նա։
Վերջինիս կարծիքով, եթե մինչեւ ապրիլի 24-ը Թուրքիան որեւէ քայլ չձեռնարկի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, ապա արձանագրություններով պսակված այս գործընթացը եւս 5-6 տարով կհետաձգվի։
Սակայն Արտակ Շաքարյանի համոզմամբ, Թուրքիան այնուամենայնիվ որեւէ քայլ կանի գործընթացը պահպանելու համար, քանի որ դա Թուրքիայի համար շատ կարեւոր է, թեկուզ եւ ոչ դրական արդյունքով։
Իսկ քայլերը, ըստ Արտակ Շաքարյանի, կլինեն այն, որ Թուրքիայի նախագահը պաշտոնապես կխնդրի Երեւանից 5-6 ամսով հետաձգել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Մյուս հնարավոր սցենարը, ըստ թուրքագետի, այն է, որ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը թույլ կտա արձանագրությունները մտեն խորհրդարան՝ քննարկման, կամ էլ ստորագրված երկու արձանագրություններից մեկը՝ սահմանի բացման վերաբերյալը, նախապես կվավերացվի։




























