Այս պահին աշխարհում շուկաների համար պայքար է մղվում, եւ առաջատար կազմակերպությունները այդ ֆոնին տեղեկատվական պատերազմ են մղում: Այս մասին Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում հայտարարել է Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի պատմության ֆակուլտետի դոցենտ Ալեքսեյ Պիլկոն:
Պիլկոյի խոսքով՝ եթե Հայաստանի բնակչության 80%-ի աջակցության պարագայում նրանցից ընդամենը 10%-ը գիտի, թե ինչ է Մաքսային միությունը, ապա դա լուրջ խնդիր է: «Հարկավոր է նյութեր հրապարակել այն մասին, թե ինչ է ՄՄ-ն, որպեսզի բնակչությանը պարզ լինի դրան անդամակցելու նպատակը եւ օգուտը»:
Պիլկոն նաեւ նշել է, որ Մաքսային միությունը մրցակիցներ ունի, որոնք իրենց հերթին իրենց կազմակերպության PR-ով են զբաղված, սակայն դրան զուգահեռ Ռուսաստանի նկատմամբ սեւ PR են իրականացնում:
«Այժմ պայքար է գնում շուկաների համար, եւ եթե մենք տեղեկատվական աշխատանքում բացթողումներ ունենանք, կտուժի Եվրասիական տեղեկատվական ծրագիրը»:
Իր հերթին Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան, Կասպիական համագործակցության ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Վյաչեսլավ Կովալենկոն նշել է, որ չարժե հարցնել, թե ով եւ ինչպես է վարելու Մաքսային միության քարոզչությունը. «Պետք չէ հեծանիվ հայտնագործել, պետք է նայել, թե ինչպես են աշխատում արեւմուտքցիները: Նրանք հիանալի են կատարում աշխատանքը եւ կողմնորոշվում են: Խոսքը նախ եւ առաջ ոչ կառավարական կազմակերպությունների մասին է, որոնք Հայաստանում ակտիվ աշխատանք են ծավալում, նույնը վերաբերում է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներին: Եվ պատահական չէ, որ սեպտեմբերի 3-ից հետո արեւմտամետ լրագրողների շրջանակը հայտարարեց, թե չի աշխատելու կառավարության հետ»:




























