Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով 20 ձերբակալվածներից 8-ին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելը): NEWS.am-ին ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին, թե նրանց նկատմամբ որպես խափանման  միջոց ընտրվել է կալանավորումը:

Կալանավորվել են Ավետիս Ավետիսյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Վարդան Վարդանյանը, Միսակ Առաքելյանը, Ալբերտ Մարգարյանը, Անուշավան Գրիգորյանը եւ Մկրտիչ Հովհաննիսյանը:

Մյուս 12 ձերբակալվածների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի հարցը կորոշվի առաջիկայում:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց էր անում եւ հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին,  նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 37 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան, նրանցից մեկն էլ դանակահարվել էր: Մարմնական վնասվածքներ էր ստացել NEWS.am-ի թղթակիցը:

Նշենք, որ բերման ենթարկվածներից 18-ին ներգրավվել էին որպես վկա եւ ազատել էին, իսկ 20-ը ձերբակալվել էր՝ Հարությունյան Շանթ, Տերտերյան Աշոտ, Ավետիսյան Ավետիս, Պետրոսյան Տիգրան, Պողոսյան Ալեք, Պետրոսյան Լիպարիտ, Հովհաննիսյան Արմեն, Հարությունյան Հայկ, Վարդանյան Վարդան, Առաքելյան Միսակ, Մկրտչյան Դավիթ, Մարգարյան Ալբերտ, Գրիգորյան Անուշավան, Մխիթարյան Մխիթար, Ղազարյան Հովհաննես, Մնացականյան Սեւակ, Մկրտչյան Վահե, Հովհաննիսյան Մկրտիչ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման: