Եթե Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ապա ԼՂՀ-ն եւս կանդամակցի Մաքսային միությանը: Այս մասին նոյեմբերի 8-ին «Հայաստանն ու Մաքսային միությունը. Եվրասիական ինտեգրման հասարակական չափում» թեմայով Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան, Կասպյան համագործակցության ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Վյաչեսլավ Կովալենկոն:

«Խնդիրը ինքնին բարդ է Լեռնային Ղարաբաղի պատճառով: Իրավիճակը հեշտ չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղը ունի անկախ տարածքի, անկախ պետության ինքնուրույն կարգավիճակ: Դա, իհարկե, պարտականություններ է բարդում նաեւ Հայաստանի վրա՝ ճանաչել, թե չճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Եթե Հաաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այդ ժամանակ էլ կխոսենք վերջինիս՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին»,-հայտարարել է նախկին դեսպանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը կարծում է, որ ներկայիս պայմաններում Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կլիներ պրովոկացիոն գործողություն, իսկ Ադրբեջանի համար՝ ռազմական հակամարտությունը վերսկսելու խթան:

Արդյոք Ռուսաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը, եթե Հայաստանն անի դա, նախկին դեսպանը չի մանրամասնել: