Վերջին ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ է, ինչ Վրաստանում այրում են ռուսական դրոշը: Այս անգամ այդ քայլի հեղինակները Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայայի կողմնակիցներն են: Դրոշն այրել են ժողովրդական պաշտպան Ուչի Նանուաշվիլիի գրասենյակի մոտ:
Նրանք բողոքել են այն հանգամանքից, որ Նանուաշվիլին չի արձագանքել Ախալայայի հանդեպ ոչ մի խախտման, անգամ այն պարագայում, երբ հայտնի է դարձել, որ նրա բանտախցում տեսագրությունում եւ ձայնագրություն է իրականացվել: Այս մասին հաղորդում է Գրուզիա Online-ը:
Հոկտեմբերի սկզբին Թբիլիսիում «Ազգային ճակատ» շարժման ներկայացուցիչները այրել էին ռուսական եռագույնը հենց կառավարության քարտուղարության շենքի առաջ: Նրանք կոչ են արել նաև բոյկոտել Սոչիի Օլիմպիադան:
Բացի այդ, նոյեմբերի չորսի գիշերը եւս Փոթիի կենտրոնում «Ազատ գոտի» ՀԿ ակտիվիստները այրել էին ռուսական դրոշը:




























